Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3294-ի. The Guardian
Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանպուրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3294-ի: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է մահվան 134 նոր դեպք:
Ինչպես նշում է The Guardian-ը, անցած քսանչորս ժամում հաստատվել է վարակման 2715 նոր դեպք, այժմ երկրում կա ընդհանուր 53 183 ախտահարված: Պարբերականը նկատում է, որ Իրանը համավարակից առավել տուժած երկների շարքում է:
Ջահանպուրը մանրամասնել է, որ հոսպիտալացվածներից 17 935-ն ապաքինվել է, մինչդեռ 4035-ը շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում մնալ:
Հայտնի է, որ Իրանի իշխանությունները համավարակի դեմ պայքարի շրջանակում մինչ ապրիլի 8-ն արգելել են միջքաղաքային ուղևորությունները և իրանցիներին տանը մնալու կոչ են արել: Երկրում չեն գործում դպրոցները, համալսարանները, փակ են սրբավայրերն ու ուխտատեղիները, ժամանակավորապես չի գործում խորհրդարանը:
Նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է, որ գուցե երկիրը դեռ մոտ մեկ տարի ստիպված կլինի պայքարել վարակի դեմ:










