Տորոնտոյի բնակիչները 3500 դոլարով կտուգանվեն իրարից 2մ պակաս հեռավորության վրա գտնելու դեպքում. Business Standard
Կանադական Տորոնտոյի քաղաքային իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում տուգանք են սահմանել սոցիալական հեռավորության պահպանման կանոնը խախտողների համար:
Ինչպես նշում է business-standard.com կայքը, եթե նույն ընտանիքի անդամ չհանդիսացող երկու քաղաքացի երկու մետրից պակաս հեռավորության վրա գտնվի, ապա կտուգանվի 3500 դոլարով:
«Միասին չապրող ցանկացած երկու մարդ, որոնք հանրային վայրերում չեն հետևի երկու մետրի չափով սոցիալական հեռավորության պահպանման մասին կանոնին, կտուգանվեն 5000 կանադական դոլարով (համարժեք է 3500 ԱՄՆ դոլարին) և նույնիսկ կարող են ազատազրկվել»,-ասվել է իշխանությունների հայտարարությունում:
Կանադայի իշխանություններին լուրջ մտահոգում է այն հանգամանքը, որ չափից ավելի շատ կանադացիներ խախտում են սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ իրենց կոչերը:
Հայտնի է, որ Կանադայում կա վարակման 11 283 հաստատված դեպք, գրանցվել է 173 հիվանդի մահ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:










