Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել է, որ իշխող ուժի պատգամավորները զգալի գումարներ են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնության անդամները զգալի ներդրումներ են արել երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Նրա խոսքով՝ կարևոր է, որ համերաշխության զգացումը տարածվի ոչ միայն «Վրացական երազանք»-ի անդամների, այլ նաև ամբողջ հասարակության շրջանում:
«Ես նկատի ունեմ հասարակության համախմբումը մի գեղեցիկ բառի շուրջ, որը Սաքարթվելոն (Վրաստան) է»,-ասել է փոխխոսնակը:
Վոլսկին նշել է, որ այսօր ցանկացած մարդ պետք է մտածի իր, իր ընտանիքի և ամբողջ հասարակության մասին:
«Համաճարակն անտեսանելի թշնամի է, սա շատ դժվար պայքար է: Ես կարծում եմ, որ բանալին ազնվությունն է: Ես նկատի ունեմ մեր երկրի և հասարակության նկատմամբ»,-ասել է փոխխոսնակը:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված վրացական հիմնադրամում արդեն հավաքվել է 21 միլիոն լարիից ավելի գումար:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:










