Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաներն իրենց աշխատավարձի 1/3 մասը փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին

16:27 • 03.04.20

Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաներն ու Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաները հաջորդ երեք ամիսների ընթացքում իրենց աշխատավարձերի 1/3 մասը փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին:

«Սա շատ կարևոր և ողջունելի նախաձեռնություն է: Բնականաբար, այս դժվարին իրադրության մեջ, երբ մեր քաղաքը, երկիրը, մեր քաղաքացիներն աջակցության կարիք ունեն, Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքական պաշտոնյաները և քաղաքային խորհրդի իմ թիմակիցները պատրաստակամություն են հայտնում միանալու այս նախաձեռնությանը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լուծենք այս խնդիրը»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետը:

Կալաձեն նշել է նաև, որ այսօր երկրում ընտանիքներ կան, որոնք ամենաշատն օգնության կարիք ունեն, և կոչ է արել բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, միանալ նախաձեռնությանը և օգնել կարիքավոր ընտանիքներին:  

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: