ԵԽԽՎ զեկուցողը Թուրքիային ու Իսպանիային կոչ է արել կորոնավիրուսի ֆոնին ծանրաբեռնված բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալներին

14:52 • 03.04.20

ԵԽԽՎ լատվիացի զեկուցող Բորիս Ցիլևիչն իր «Արժե՞ քաղաքական գործիչներին պատասխանատվության ենթարկել մանդատներով օժտված լինելու ժամանակ արված հայտարարությունների համար» զեկույցում կոչ է արել Թուրքիային ու Իսպանիային քաղբանտարկյալներին ներառել կորոնավիրուսի վտանգի ֆոնին վաղաժամ ազատ արձակման ենթակա կալանավորների ցուցակներում, գրում է mezopotamya գործակալությունը:

«Ողջունում եմ շատ երկրներում հասարակության համար վտանգ չներկայացնող կալանավորների ազատ արձակումը կամ նրանց ոչ բանտային պայմաններում պատժի հատկացումը: Դա այն է, ինչ պետք է արվի լցված բանտերում կորոնավիրուսի տարածման վտանգի դեմ»,-ասել է Ցիլևիչը:

«Քաղաքական անցյալով բանտարկյալները, որոնց շարքում են 2017 թվականի հոկտեմբերին հակասահմանադրական հանրաքվեի կազմակերպման գործում իրենց դերի համար դատապարտված կատալոնացի քաղաքական գործիչները, Թուրքիայում մանդատով օժտված լինելու ժամանակ արված հայտարարությունների համար դատապարտված խորհրդարանականները, քաղաքապետերն ու այլ քաղաքական գործիչները, անպայման պետք է օգուտ քաղեն այս քայլերից: Փետրվարին Իսպանիա կատարած իմ այցի ժամանակ ծանոթանալով կատալոնացի գործընկերների հետ՝ միանգամայն համոզվել եմ, որ այդ կանայք և տղամարդիկ ոչ ոքի համար սպառնալիք չեն ներկայացնում: Անհանգստություն է առաջացնում հենց նրանց բանտարկության փաստը, բայց կորոնավիրուսի ճգնաժամը պետք է նպաստի նրանց ազատմանը: Նույնը վերաբերում է նաև բանտերում գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին և հասարակական գործիչներին»,-ավելացրել է Ցիլևիչը:

ԵԽԽՎ զեկուցողը 2019 թվականի նոյեմբերի 11-ին Բեռլինում այս թեմայով հուշագիր է ներկայացրել և Եվրոպական դատարանի երեք նախկին դատավորների հետ լսումներ անցկացրել Գերմանիայի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նա իր եզրափակիչ զեկույցը կներկայացնի այս տարվա ընթացքում: