Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը՝ մահացել է 79-ամյա կին․ Sputnik Georgia

13:23 • 04.04.20

Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին, գրում է sputnik-georgia.ru-ն։

Ռատիանիի խոսքով՝ 79-ամյա կինը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։

«Մահացածը 79 տարեկան կին է։ Նա ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություն՝ սրտի անբավարարություն», - հայտնել է Ռատիանին։

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 156 մարդու մոտ, նրանցից 28-ն ապաքինվել են։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել և կարանտին հայտարարվել երկրի ամբողջ տարածքում: Ամբողջությամբ դադարեցվել է հասարակական տրանսպորտի, այդ թվում ՝ մետրոյի աշխատանքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,121,917 դեպք, 59,401-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 230,316 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: