Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի․ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 582 նոր դեպք․ «ՌԻԱ Նովոստի»

13:45 • 04.04.20

Ռուսաստանում մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 մարդ․ երկրում վարակի հետևանքով մահացությունների թիվը հասել է 43-ի, հայտնել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը, գրում է ria.ru-ն։

Միևնույն շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին մեկ օրում ՌԴ-ում գրանցվել է COVID-19-ի 582 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4731-ի։

«Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 9 հիվանդ՝ Մոսկվայում՝ 7-ը, Կոստրոմայի մարզում՝ 1-ը, Պրիմորիեի երկրամասում՝ 1-ը։ Մահացությունների ընդհանուր թիվը 43 է», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել ՌԴ-ի 32 շրջաններում։ Ամենաշատ դեպքերը հաստատվել են Մոսկվայում (434 դեպք), ընդհանուր առմամբ ՌԴ մայրաքաղաքում արձանագրվել է 3357 դեպք։ Ընդ որում, վարակակիրներից 14-ը երեխաներ են, իսկ 67-ը՝ 65 տարեկանից բարձր մարդիկ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 333 է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,121,917 դեպք, 59,401-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 230,316 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: