Ռոբերտ Քենեդիի թոռնուհին և նրա որդին կորել են կանոեով նավարկության ժամանակ. The Washington Post

13:38 • 04.04.20

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհին և նրա ութամյա որդին ամերիկյան Մերիլենդ նահանգում կանոեով նավարկելու ժամանակ անհետացել են, գրում է The Washington Post-ը:

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինը և նրա որդի Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինն անհետացել են հինգշաբթի ցերեկը Չեսապիկի ծոցում կանոեով նավարկելու ժամանակ։ Թոռնուհու ամուսինը՝ Դևիդ Մաքքինը, հաստատել է հրատարակությանը տեղեկությունը։

Մաքքինի խոսքով՝ ափամերձ տանը հանգստի ժամանակ երեխաները գնդակ են խաղացել, որը գլորվել ու ընկել է ջուրը։ Կինն ու որդին կանոե են նստել գնդակը գտնելու համար ու շատ խորը գնալով՝ այլևս չեն կարողացել վերադառնալ։

Առափնյա պահակակետի ներկայացուցչի խոսքով՝ հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, քամու ուժգնությունը ծոցի այդ հատվածում վայրկյանում 13,3 մետր է եղել, իսկ ալիքները 0,6-ից մինչև 0,9 մետր բարձրություն են ունեցել։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։