ՀՀ-ում անասնաբուծության ճյուղի հետագա զարգացումը հնարավոր է միայն երկարաժամկետ ռազմավարական ծրագրից բխող համալիր միջոցառումների իրականացման պարագայում. Լևոն Տեր-Իսահակյան
Հանրապետությունում անասնաբուծության ճյուղի հետագա զարգացումն ու ազգաբնակչությանը որակյալ, բավարար ծավալներով կենդանական ծագման սննդամթերքի և հումքի մատակարարումը հնարավոր է միայն երկարաժամկետ ռազմավարական ծրագրից բխող համալիր միջոցառումների իրականացման պարագայում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Մասնավոր անասնաբուծության» ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լևոն Տեր-Իսահակյանը:
-Պարոն Տեր-Իսահակյան, հաշվի առնելով, որ նախկինում զբաղեցրել եք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուծության և անասնաբուժության» վարչության պետի, իսկ ներկայումս՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի» վարչության պետի պաշտոնը, դուք հանդիսանում եք անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման պատասխանատուն, կասեք խնդրեմ, որո՞նք են անասնաբուծության զարգացմանը միտված պետական քաղաքակության հիմնական ուղղությունները և ակնկալիքները:
Աշխարհաքաղաքական և տնտեսական ներկայիս փոփոխություններին դիմակայելու, շուկայական հարաբերություններում առավել մրցունակ դիրքերով հանդես գալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատվել է՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը:
Հիմնական առաջնահերթություններ են սահմանվել գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերի՝ բուսաբուծության և անասնաբուծության ինտենսիվացումը, որը նախատեսվում է իրականացնել օրենսդրական փոփոխությունների և լրացումների, միջազգային արդյունավետ նորարարական տեխնոլոգիաների տեղայնացման և ներդրման, գիտականորեն հիմնավորված աջակցության ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև այլ գործառույթների միջոցով:
Նախանշած ժամանակահատվածի ավարտին նախատեսվում է անասնաբուծական համախառն արտադրանքի արժեքը հասցնել մինչև թիրախային 905 մլրդ ՀՀ դրամի (շուրջ 190%), որը կձևավորվի շուրջ 210 հազար տոննա (սպանդային քաշով) համախառն մսի, 900 հազար տոննա կաթի, 800 մլն հատ ձվի և երկրորդային այլ արտադրանքի արտադրություն ապահովելու միջոցով:
-Ղեկավար պաշտոնի և գիտահետազոտական գործունեության համատեղումը ինչպե՞ս է անդրադառնում մշակված ծրագրերի որակի, դրանց իրականացման արդյունավետության, ստացված արդյունքների գնահատման վրա: Արդյո՞ք ամրագրված մեթոդները և մեխանիզմները կիրառելի կլինեն այլ երկրներում:
Միանշանակ դրական, քանի որ ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականը տվյալ առարկայի խորը ուսումնասիրությունն է՝ խնդիրների վեր հանումը, վերլուծությունը և գործողությունների գիտելիքահեն պլանավորումը, որը ձեռք է բերվել իմ երկարամյա գիտահետազոտական գործունեության ընթացքում: Հետևաբար, մշակված ծրագրերի հիմքում ընկած են գիտական հետազոտությունների հիման վրա արված եզրակացությունները, որոնք առնչվում են գյուղատնտեսական տարբեր տեսակի կենդանիների բուծման՝ պահվածքի և խնամքի ամբողջ տեխնոլոգիական գործընթացներին, ծրագրերով որպես նորարական մոտեցումներ հանրապետություն ներկրվող տարբեր գենոֆոնդի տոհմային բարձրարժեք խոշոր և մանր եղջերավոր կենդանիների հարմարվողականությանը, դրանց ընտրասերման միջոցով տեղական ցեղերի կենդանիների գենետիկ և մթերատու հատկանիշների բարելավման ազդեցությանը, ինչպես նաև կովերի պահվածքի՝ «խելացի» մոտեցումների կիրառման արդյունավետությանը:
Ծրագրերի իրականացման մեխանիզմները ընթացս կվերլուծվեն և կլրամշակվեն: Հավատացած եմ, որ ծրագրերի իրականացման վերջնական մոդելները կարող են տեղայնացվել նաև այլ երկրներում:
-Դուք հանդիսանումեք նաև «Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիա» հասարկական կազմակերպության անդամ, արդյո՞ք համագործակցությունը մասնագիտացված հասարակական կազմակերպությունների և միությունների հետ նպաստում է ձեր կողմից մշակաված մոտեցումների ներդրմանը:
Հաշվի առնելով, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ծրագրային նախագծերի և առհասարակ սահմանված գործառույթների իրականացման ազդեցությունը կրում է համապետական բնույթ, ապա հրատապ խնդիրների և անհրաժեշտ բարեփոխումների օրակարգը քննարկվում է նաև ոլորտային մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ, ինչպեսիք են «Հայաստանի թռչնաբույծների միությունը», «Անասնաբույժների ազգային ասոցիացիան», ինչպես նաև ձեր կողմից նշված «Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիան» և այլն: Ավելին, առավել արդյունավետ և համակարգված համագործակցության նպատակով ընդգրված եմ վերջինիս խորհրդի կազմում որպես փորձագետ:
Իր հերթին հասարակական կազմակերպությունները հանդիսանալով միջանկյալ օղակ պետություն-ֆերմեր արժեշղթայում ապահովում են տարբեր ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը ֆերմերների շրջանում և հակառակը՝ խնդիրների հասցեագրումը պետկան մարմիններին:
-Որքա՞նով են ձեր կողմից նշած ռազմավարության ուղղությունները համահունչ այլ երկրների, մասնավորապես ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ-երկրներում կիրառվող մոտեցումներին:
Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն Հայաստանը առաջնորդվում է միության շրջանակներում ընդունված անասնաբուծության ոլորտի զարգացման, անասնահամաճարակային իրավիճակի վերահսկման քաղաքականությամբ և միօրինակ չափանիշներով:
Այս առումով, պետք է առանձնացնեմ 2017 թվականի օգոստոսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից (FAO) Ղազախստանի Հանրապետությունում (Աստանա) կազմակերպված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անասնաբուծության ոլորտում գենետիկ ռեսուրսների բարելավումն ու պահպանումը» թեմայով աշխատաժողովի կարևորությունը: Հանդես գալով որպես խոսնակ՝ հանգամանալից ներակայցրել եմ անասնաբուծության ընդհանուր վիճակի, գյուղատնտեսական կենդանիների՝ մասնավորապես խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդի պահպանման, գենետիկ ռեսուրսների կառավարման, բարելավման, կենդանիների մթերատվության մակարդակը կարգավորող ինչպես ժառանագական, այնպես էլ՝ արտաքին գործոններով պայմանավորված խնդիրների, ինչպես նաև ոլորտում իրականացված և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ զեկույց:
Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵԱՏՄ անդամ-պետություններում Best Linear Unbiased Prediction (BLUP) հիման վրա գենոմային սելեկցիոն համակարգի ստեղծման ուղղությամբ:
-Երիտասարդ մասնագետների պակասի խնդիրը գյուղատնտեսության ոլորտում դեռևս մնում է արդիական: Որպես ոլորտային մասնագետների պատրաստման գործընթացում ներգրավված անձ, ի՞նչ գործնական քայլեր կարելի է ձեռնարկել տվյալ խնդիրը հաղթահարելու համար:
Խնդիրը բավականին խորքային է: Համաձայն աշխատաշուկայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում 2013 թվականին ներգրավված է եղել շուրջ 422 հազար մարդ, իսկ 2019 թվականին՝ շուրջ 236 հազար մարդ: Նշված վերափոխումները չէին կարող բացասաբար չանդրադառնալ նաև մասնագետների պատրաստման թվաքանակի վրա, քանի որ այս գործընթացի հիմքում ևս առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունն է:
Խնդրի լուծման ուղղիներից է ֆերմերային տնտեսությունների շահութաբերության մակարդակի բարձրացումը, որը հնարավոր է իրականացնել առաջարկվող ծրագրերի՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը իր հերթին կհանգեցնի միավոր ռեսուրսի հաշվով արտադրության ծավալների ավելացմանը և անհրաժեշտ մասնագետների պահանջարկի ավելացմանը:
-Դուք ընդգրկված եք նաև տարբեր գիտական դրամաշնորհային և ստարթափ գաղափարների մրցույթային ծրագրերի փորձագիտական հանձնաժողովների կազմում: Ինչպե՞ս կգնահատեք գյուղատնտեսության ոլորտին վերաբերող թեմաների ներկայացվածության մակարդակը նման մրցույթներում:
Տնտեսական բարեփոխումների համատեքստում պետությունը խրախուսում է նորարարական գաղափարների առաջադրումը և ստարթափ նախաձեռնությունները: Լավ օրինակ է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից կազմակերպվող «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթը, որի փորձագիտական հանձնաժողովի կազմում գնահատել եմ ստացված հայտերը: Նշեմ, որ ստացված հայտերի 30-35%-ը առնչվում էին անասնաբուծության, մասնավորապես՝ խոզաբուծությանը, թռչնաբուծությանը, ինչպես նաև գյուղատնտեսության այլ ճյուղերին:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ թե վերը նշածս մրցույթի, և թե ՀՀ կրթության և գիտության նախարարության ԳՊԿ կողմից անցկացվող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների» մրցույթին ներկայացված հայտերը առանձնանում էին իրենց բովանդակային խորությամբ և թեմաների արդիականությամբ, ինչը վկայում է ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճի մասին:










