Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ գործողությունները ժամանակին չձեռնարկեց, այդ պատճառով նման պատկեր է. Իտալիա մեկնած ռուս վարակաբան

11:46 • 04.04.20

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ գործողությունները ժամանակին չի ձեռնարկել, այդ պատճառով վիրուսը չափից մեծ թափով է զարգացել: Այս մասին հայտնել է Իտալիա մեկնած Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմյոնովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։

«Չինաստանը ժամանակին է քայլեր ձեռնարկել և նրանց բնակչության հսկայական քանակի և խտության հետ մեկտեղ՝ մահվան դեպքերի թվով առաջին տեղում չէ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, կարծում եմ, մեծ երջանկություն է, որ կարողացանք «արգելակել», գլխավոր սանիտարական բժշկի հորդորով փակեցինք Չինաստանի հետ սահմանն ու տարանցիկ ուղիները և մի քանի ամիս շահեցինք»,- նշել է նա։

Բժիշկը հավելել է, որ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ Իտալիան ամենաքիչը երեք շաբաթ է ուշացել։

«Մենք տեսել ենք, թե ինչպես պետք չէ անել։ Հիմա ավելի շատ բան ենք հասկանում, քան երկու շաբաթ առաջ, երբ սկսել էինք այստեղ աշխատել և օգնություն ցուցաբերել»,- ընդգծել է բժիշկը։

Բժիշկը վստահեցրել է, որ Ռուսաստանն արհեստական շնչառական ապարատների քանակով առաջատար է, ինչպես նաև երկրում «Ռոսպոտրեբնադզորի» «լուրջ, ադեկվատ և ճյուղավորված» համակարգ է գործում, այդ պատճառով էլ նա իտալական սցենարի կրկնությունը Ռոուսաստանում քիչ հավանական է համարում:

Ռուսաստանում, վերջին տեղեկությունենրի համաձայն, կորոնավիրուսով վարակվել է 4149 մարդ, մահացել 34 հոգի։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 281 մարդ։

Իտալիայում վարակման դեպքերի թիվը հասել է 119 827-ի, որից 14 681-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 19 758 մարդ։