ԱՄՆ-ն «գողացել» է գերմանական ոստիկանության համար նախատեսված 200 000 շնչառական դիմակները. TACC  

01:09 • 04.04.20

Գերմանիայի կառավարությունը 200 000 շնչառական դիմակ չի ստանա, քանի որ դրանք առգրավվել են Բանգկոկում և ուղարկվել Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Tagesspiegel-ին, որն էլ, իր հերթին, վկայակոչում է Բեռլինի սենատի ներքին գործերով ներկայացուցիչ Անդրեաս Գայզելին:

«Մենք դիտարկում ենք սա որպես ժամանակակից ծովահենության ակտ: Անդրատլանտյան դաշինքի գործընկերների հետ այդպես չեն վարվում»,- ասել է Գայզելն ու հավելել, որ կոչ է անում դաշնային կառավարությանը Միացյալ Նահանգներին հրահանգել, որպեսզի նրանք պահպանեն միջազգային կանոնակարգերը:

Նշվում է, որ դիմակները նախատեսված են եղել Բեռլինի ոստիկանների համար և պատվիրվել են ամերիկյան ձեռնարկությունից: Դրանք պատրաստվել են Չինաստանում: Բանգկոկում դիմակները պետք է բեռնվեին ինքնաթիռն ու ուղարկվեն Գերմանիա, բայց դրանք ուղարկվել էին Միացյալ Նահանգներ: