«Սպառնալիքը պետք չէ թերագնահատել, մենք թերագնահատեցինք և կորցրեցինք մարդկանց ու ժամանակը»․ Իտալիայում ապրող ռուսաստանցի կինը պատմել է կորոնավիրուսային իրավիճակի մասին

12:37 • 05.04.20

Իտալիայում ապրող ռուսաստանցի Վիկտորիա Կիսելյովան «Российская Газета» պարբերականին պատմել է, թե ինչպես է անցնում կարանտինը՝ Իտալիայում մարտի 9-ից սահմանված խիստ ռեժիմի պայմաններում:

«Այդ օրվանից փողոց կարելի է դուրս գալ միայն մթերք գնելու, դեղատուն այցելելու կամ աշխատանքի գնալու համար: Տանը պետք է փաստաթուղթ լրացնել, որում պետք է նշել փողոց դուրս գալու նպատակն ու հստակ երթուղին: Եթե քեզ կանգնեցնի հսկիչը և պարզվի, որ դու այնտեղ չես գնում, որտեղ նշել ես, քեզ կտուգանեն 300-ից 4000 եվրոյի չափով: Սուպերմարկետ գնալիս՝ ես անպայման դիմակ և ձեռնոցներ եմ կրում, աշխատում եմ մեկ-երկու շաբաթվա մթերք գնել:

Պահ կար, երբ մենք արդեն կորցրել էինք ժամանակի հաշվարկը, խառնել էինք գիշերն ու ցերեկը, գիշերային զգեստներով էինք տեղաշարժվում: Այժմ արդեն բոլորը հասկանում են, որ պետք է հետևել որոշակի օրակարգի և զբաղմունք գտնել, որը կօգնի ցրվել և զվարճանալ»,-պատմել է Վիկտորիան:

Նրա խոսքերով՝ շատերը սկզբում չէին հասկանում իրավիճակի լրջությունը: Իտալացիների համար, հաշվի առնելով նրանց խառնվածքը, դժվար է տանը նստել և հրաժարվել շփումից: Նրանց մեջ շատ էին նաև տարեց մարդիկ, որոնք զբոսնում էին փողոցներում, այցելում էին բարեր և գրկախառնվում էին հանդիպման ժամանակ:

«Վախն առաջացավ այն ժամանակ, երբ սկսեցին մահանալ հարևանները, իսկ մահացածների թիվը երկրում սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում իմ ընկերներին Ռուսաստանում և այլ երկրներում հավատալ, որ սպառնալիքը իրական է, և փորձել անել ամեն ինչ փրկելու համար մտերիմներին և բոլորին իրենց շրջապատում: Սպառնալիքը պետք չէ թերագնահատել: Մենք թերագնահատեցինք և կորցրեցինք մարդկանց և ժամանակը»,-եզրափակել է իր խոսքը Վիկտորիան:

Իտալիան կորոնավիրուսի տարածմամբ առաջին տեղում է Եվրոպայում, ու երկրորդ տեղում աշխարհում` ԱՄՆ-ից հետո: Վերջին տվյալներով Ապենինյան թերակղզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 124 000 դեպք, զոհերի քանակը գերազանցում է 15 000-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։