Իտալացի քահանան կիրակնօրյա պատարագ է մատուցել՝ եկեղեցում տեղադրելով կարանտինի մեջ գտնվող հավատացյալների լուսանկարները. CNN
Իտալիայի Լոմբարդիա մարզում, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսից, քահանան կիրակնօրյա պատարագն անցկացրել է դատարկ եկեղեցում, սակայն հավատացյալների ներկայությունն ապահովելու համար նստարաններին տեղադրել է ծխականների լուսանկարները:
Ինչպես փոխանցում է CNN-ը, քահանա Ջուզեպպե Կորբարին հայտնել է, որ լուսանկարների գաղափարն իր մոտ ի հայտ է եկել, քանի որ իրենց դատարկ եկեղեցում՝ առանց հավատավորների ներկայության, պատարագներ են իրականացրել փետրվարի 24-ից ի վեր: Նրա խոսքով՝ դատարկ սրահում պատարագ մատուցելը դժվար էր սկզբում:
«Ես ինձ մեկուսացած էի զգում, դա ինձ իրական չէր թվում»,- ասել է Կորբարին: Այդպիսով, նա խնդրել է ծխականներին իրեն ուղարկել իրենց լուսանկարները, սակայն հույս չուներ, որ նման արձագանք կստանա: Ստանալով լուսանկարները՝ քահանան տպագրել է դրանք և իրականացրել իր մտահաղացումը:
Հիշեցնենք, որ Իրտալիայում նախորդ օրվա տվյալների համաձայն Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ավելի քան 15 000 մարդ է մահացել:










