Ժամանակն է, որ Կառավարությունը և ԱԺ-ն հասկանան, որ աշխատավարձը ոչ թե պարապ մնալու ու աշխատանքի չգնալու, այլ աշխատելու համար տրվող վարձատրությունն է․ Թաթուլ Մանասերյան

15:10 • 05.04.20

Մարդիկ նախ պետք է վաստակեն իրենց աշխատավարձը, հետո հիմնավորեն պարգևավճարները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։

Նշենք, որ վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ։

Տնտեսագետի խոսքով, պարևավճարները լավ գործիք են` խթանելու մարդու աշխատանքը և վարձատրությունը, բայց մենք ավելի հաճախ գործ ունենք այնպիսի իրավիճակների հետ, երբ կասկածի տակ կարելի է դնել նույնիսկ մարդու աշխատավարձը, ուր մնաց թե պարգևավճար տալը։ «Այս իմաստով կարծում եմ, ժամանակն է, որ կառավարությունը և ԱԺ-ն ավելի լուրջ մոտենան տնտեսագիտական հիմունքներին, որ հասկանան՝ աշխատավարձը աշխատանքի համար տրվող վարձատրությունն է, ոչ թե պարապ ման գալու, երբեմն նաև աշխատանքի չգնալու ու դրա դիմաց աշխատավարձ, իսկ դրանից զատ պարգևավճար ստանալու մեթոդ»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, իհարկե, կան աշխատող պատգամավորներ։ «Ես էլ եմ եղել պատգամավոր և 24 ժամ աշխատել եմ ու դրա համար ոչ մեկ չի ասել՝ եկեք, մի հատ էլ պարգևավճար տամ։ Ես կատարել եմ իմ պարտքը։ Պետք է ընդամենը բարեխիղճ լինել։ Պարգևատրում են բացառիկներին, եզակիներին, որոնք կարողանում են որևէ խնդիր լուծել, հարց կարգավորել և դա ի ցույց դնել բոլորին, որ նման աշխատանքով է, որ դուք պիտի վաստակեք պարգևավճարներ»,- ասաց տնտեսագետը։