Շվեդիայում շատերի համար կյանքն ընթանում է այնպես, ինչպես մինչև համաճարակն էր՝ ելնելով կառավարության դիրքորոշումից, կարծում եմ դա թույլ կառավարման հետևանք է․ Շվեդիայի խորհրդարանական (տեսանյութ)
Իրավիճակը Շվեդիայում մեզնից շատերի համար անսովոր է, և տարբերվում է այն վիճակից, որին որ մենք սովոր ենք։ Այս մասին Արմնյուզ ՀԸ եթերում Սամվել Ֆարմանյանի հետ զրույցում ասել է շվեդ խորհրդարանական, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ Բյորն Սյոդերը։
Նրա խոսքով՝ ինքն արդեն 3 շաբաթ է տնից է աշխատում և չի գնում Շվեդիայի խորհրդարան, բայց կարծում է, որ շատերի համար կյանքն ընթանում է այնպես, ինչպես մինչև համաճարակն էր՝ ելնելով կառավարության դիրքորոշումից։
«Դուք նշեցիք, որ դա կարծես ավելի լիբերալ վերաբերմունք է համավարակի դեմ պայքարում, կարծում եմ, որ շատ մարդիկ չեն հասկացել այս վիրուսի իրական վտանգը։ Դուք կարող եք տեսնել, որ կրտսեր դպրոցը, մանկապարտեզները դեռ շարունակում են աշխատանքը, կարելի է գնալ մարզասրահ և անել ինչ ցանկանում ես, ինչպես եղել է նախկինում, քանի որ բոլոր հաստատությունները գործում են, միայն ավագ դպրոցներն ու համալսարաններն են փակվել»,- ասաց խորհրդարանականը։
Նրա խոսքով, դա շատ վտանգավոր է, քանի որ մարդիկ, հասարակությունը լուրջ չեն վերաբերում և պետք է զգույշ լինեն։ Նա ասաց, որ դա թույլ կառավարման հետևանքն է և կառավարությունը մատնանշում է հանրային առողջապահական գործակալություններին, սակայն դրանք մի օր մի բան են ասում, հաջորդ օրը մեկ այլ բան։ Նա ընդգծեց՝ մարդիկ չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է իրավիճակը։
Ինչ վերաբերում է տնտեսական միջոցառումներին, որը ձեռնարկում է շվեդական կառավարությունը՝ օժանդակելու բիզնեսին, արդեն կան կանխատեսումներ այդ թվում նաև համաշխարհային բանկի խմբի, արժույթի միջազգային հիմնադրամի, վերլուծական տարբեր կազմակերպությունների, փորձագիտական հանրության կողմից առ այն , որ տնտեսական աճի տեմպերը անկասկած էականորեն նվազելու են և անգամ սպասվում է համաշխարհային տնտեսության աննախադեպ անկում, ինչի հետևանքավ տնտեսական առումով բոլորին սպասվում են բարդագույն ժամանակներ։
Սամվել Ֆարմանյանի այն հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Շվեդիայի կառավարությունը, Շվեդիայի խորհրդարանն ինչպե՞ս է օժանդակելու բիզնեսին, խորհրդարանականը պատասխանեց, որ ինքն այս պահին չունի փաստացի տվյալաներ թվերի հետ կապված, քանի որ դրանք ամեն օր փոփոխվում են և կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացնում։
«Նախատեսվում է միլիարդավոր շվեդական կրոն ծախսել տնտեսական դժվար վիճակը հաղթահարելու համար՝ հատկապես փոքր բիզնեսի դեպքում։ Նրանք քննարկում են վերացնել այդ կազմակերպությունների պարտավորությունները դժվար օրերին, արվում են քայլեր, սպասվող տնտեսական վիճակը հաղթահարելու ուղղությամբ , սակայն կարծում եմ՝ դա բավարար չէ։ Կարծում եմ՝ հասարակության շփումը պետք է ամբողջությամբ սահմանափակել, ինչպես դա արեցին բազմաթիվ երկրներում և այդ սահմանափակումը պետք է լինի մոտ 2 ամսով»,- նշեց Բյորն Սյոդերը։
Նա ընդգծեց, որ այդ սահմանափակումները մեծ գումարներ կարժենան, բայց պետք է թողնել սուպերմարկետներն ու դեղատները, մնացած ամեն ինչ պետք է փակել։ Նա ասաց, որ, հավանաբար, մինչև աշուն կկարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից, իսկ այժմ ճիշտ կլիներ ամեն ինչ կանգնեցնել, և սահմանափակել հասարակության շփումը։
Մանրամասները՝ տեսանյութում:










