«Բռնությունը չի սահմանափակվում ռազմի դաշտով». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կոչ է արել ուժեղացնել ընտանեկան բռնության դեմ պայքարը․ Twitter

11:55 • 06.04.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կառավարություններին կոչ է արել ուժեղացնել ընտանեկան բռնության դեմ պայքարը:

Twitter-ում հրապարակած տեսաուղերձում գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ վերջերս կոչ է արել դադարեցնել բոլոր զինված հակամարտությունները՝ COVID-19-ի դեմ պայքարում համախմբվելու համար։

«Բայց բռնությունը չի սահմանափակվում ռազմի դաշտով։ Շատ կանանց և աղջիկների վտանգ է սպառնում այնտեղ, որտեղ նրանք պետք է առավել անվտանգ լինեին՝ իրենց տներում։ Այդ պատճառով այսօր դիմում եմ նոր՝ ընտանիքներում խաղաղության կոչով»,- ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին տնտեսական և սոցիալական ճնշման ուժեղացմանը զուգընթաց արձանագրվում է «ընտանեկան բռնության համաշխարհային բռնկում»:

«Որոշ երկրներում աջակցության ծառայություն դիմող կանանց թիվը կրկնապատկվել է: Կոչ եմ անում բոլոր կառավարություններին կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և նման բռնության հետևանքով կանանց պատճառված վնասի փոխհատուցման դրույթները ներառել COVID-19-ի դեմ պայքարի իրենց ազգային ծրագրերում՝ որպես դրանց հիմնական մաս»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:

Գուտերեշի կարծիքով՝ պետք է ապահովել, որպեսզի դատական համակարգերը շարունակեն հետապնդել այն անձանց, որոնք մեղավոր են կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։