Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ
Ես դաշտերում օրավարձով աշխատում էի, հիմա կանգնել եմ փաստի առաջ, չեմ կարողանում օգտվել որևէ աջակցությունից, իշխանություններն ասում են, որ օրավարձով աշխատող քաղաքացիների համար կառավարությունը միջոցներ է ձեռնարկել, բայց այս պահին հասցեական օգնություն չի տրամադրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած Արմավիր քաղաքի Շահումյան 11 շենքի թիվ 25 բնակարանի բնակչուհի Կարինե Զախարյանը՝ նշելով, որ չնայած հիմա հողագործության համար լավ ժամանակահատված է, բայց տարիքային ռիսկային գոտում է գտնվում, ոչ մի հողատեր իրեն աշխատանք չի տա:
«Մեր ընտանիքը համարվում է սոցիալապես անպահով, 29 հազար դրամ նպաստ ենք ստանում, բայց առանց իմ աշխատանքի չենք հասցնում, քանի որ 9 ամյա թոռնիկիս պարբերաբար բուժում է անհրաժեշտ, մինինգիտ է տարել, գլխուղեղի թաղանթի վրա կիստա ունի, դրա համար պարբերաբար հիվանդանոցների դռներն ենք, պառկելն անվճար է, բայց բազմաթիվ դեղեր ու սնունդ է անհրաժեշտ: Տղաս երեխայի ստացիոնար բուժման համար վարկ էր վերցրել, տոնոկոսներն ենք փակել, որ չկուտակվի: Տղաս պայմանագրային զինծառայող է, 14 օր է՝ տնից դուրս չենք գալիս, մեր փողոցում գտնվող խանութից պարտքով ապրանք էինք վերցնում, այդ խանութն էլ այս օրերին ստուգումներից հետո փակեցին: Տղաս էլ հաշմանադամություն ունի, ականը պայթելու հետևանքով կորցրել է ոտնաթաթը»,-պատմեց նա:
Ըստ քաղաքացու՝ պետության աջակացությունը պիտի լինի արագ և հասցեական՝ հաշվի առնելով այն, որ մարզերում համապատասխան կառույցները լավ գիտեն՝ թե ովքեր դրա կարիքը ունեն, բայց այս պահին աջակցության մասին իրենք միայն հայտարարություններ են լսել:
«Պիտի ուսումնասիրեն, հասկանան ՝ինչ է կատարվում: Մի օրինակ էլ բերեմ․ մորաքույրս թոշակառու է, ասել են գնա, ՎՏԲ-ից ստացի, բանկը փողը չի տվել, քանի որ ԴԱՀԿ-ի արգելանքի տակ է, հիմա թոշակառու կինն ինչ պիտի անի, ամբողջական լուծումներ են պետք, որոնք չեն տրվում»,-ընդգծեց նա:










