Եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, կգնանք սահմանափակումների մեղմացման. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

10:47 • 06.04.20

Երեկ կորոնավիրուսի 263 թեստ է իրականացվել, որից 11-ն է դրական եղել։ Ցավոք, նաև գրանցվել է կորոնավիրուսից մահվան մեկ դեպք։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբից մահացած քաղաքացին 68 տարեկան է եղել։ Նա ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մասնավորապես, շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում։

«Հնարավոր է՝ նաև լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ 11 դրական թեստը վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է, բայց այս լուրի գնահատականը ամբողջական տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան։ Խնդիրն այն է, որ նախկինում էլ օրեր ենք ունեցել երբ անկում է եղել նախորդ օրվա հետ համեմատած, բայց հաջորդ օրը նորից թվերն աճել են»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, պարետատունը և Կառավարությունը սահմանափակումների մեղմացման կգնան․ «Եթե սա հաստատվի, իսկ դա կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալները վերլուծելով, նշանակում է՝ մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահենք պարետատան սահմանած սահմանափակումները»,- նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում: