ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված ամուսինները մահացել են վեց րոպե տարբերությամբ․ CNN (լուսանկարներ)
ԱՄՆ-ում ամուսինները կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդությունների հետևանքով մահացել են նույն օրը, այդ մասին Twitter-ում հայտնել է մահացածների որդին՝ Բադդի Բեյքերը, գրում է CNN-ը։
Զույգն ամուսնացած է եղել ավելի քան 51 տարի և ապրել է Ֆլորիդա նահանգի Բոյնտոն Բիչ քաղաքում:
Տղայի խոսքով՝ 74-ամյա հայրը՝ Ստյուարթ Բեյքերը, և 72-ամյա մայրը՝ Էդրիան Բեյքերը, մահացել են մարտի 29-ին՝ վեց րոպե տարբերությամբ:
«Իմ ծնողները հիանալի մարդիկ էին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իմ և ուրիշների կյանքի վրա, և, ցավոք, մենք նրանց կորցրինք մի քանի րոպեների տարբերությամբ»,-ասել է Բեյքերը։
Նրա պնդմամբ՝ ծնողներն ունեցել են իդեալական առողջություն, աակայն անցյալ ամիս բժիշկը նրանց մոտ թեթև թոքաբորբ է ախտորոշել: Ավելի ուշ, երբ ամուսինների վիճակը վատացել է, նրանք հիվանդանոց են գնացել։ Հորը, որը նաև ասթմա է ունեցել, հոսպիտալացրել են, իսկ մորը տուն են ուղարկել։
Որդու խոսքով՝ թեև մայրը ջերմություն կամ այլ անհանգստացնող ախտանիշներ չի ունեցել, ամուսնու՝ հիվանդանոցում գտնվելու փաստը լրջորեն ազդել է նրա առողջականի վրա։
«Իմ հայրը վերջին հինգ օրվա ընթացքում հեռու էր նրանից, ինչը շատ հազվադեպ երևույթ էր նրանց համատեղ կյանքի 51 տարիների ընթացքում»,- ասել է Բեյքերը:
Հետագայում զույգի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Զույգի հարազատները որոշել են անջատել թոքերի արհեստական օդափոխության սարքերը՝ թույլ տալով նրանց մահանալ բնական ճանապարհով։











