«Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար». Թրամփը Ջոնսոնին հաջողություն է մաղթել կորոնավիրուսի դեմ «անձնական պայքարում»․ Daily Mail

15:34 • 06.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հաջողություն է մաղթել կորոնավիրուսի դեմ «անձնական պայքարում»՝ ասելով, որ «բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար», գրում է Daily Mail-ը։

Սպիտակ տանը կորոնավիրուսի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ նախագահ Թրամփն ասել է. «Ես ցանկանում եմ մեր երկրի կողմից բարեմաղթանքներ հղել վարչապետ Բորիս Ջոնսոնին, որն իր անձնական պայքարն է մղում վիրուսի դեմ։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար, նա իմ ընկերն է, հիանալի ջենթլմեն և առաջնորդ»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ինքն ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ խոսել է Ջոնսոնի առողջական վիճակի մասին՝ հավելելով, որ «հիվանդանոց գնալը մեծ քայլ էր»:

«Ես պարզապես հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ լավ է»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է։ Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնին բուժող բժշկի հանձնարարականով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է բարձր ջերմություն ունենալ և հազում է։ Սակայն Դաունինգ սթրիթում հավաստիացրել են, որ Ջոնսոնը շարունակում է գլխավորել կառավարությունը և կապի մեջ է նախարարների կաբինետի հետ:

«Սա նախազգուշական քայլ է, քանի որ վարչապետը վիրուսի դրական թեստից տասն օր անց շարունակում է կորոնավիրուսի կայուն ախտանիշներ ունենալ»,-ասել էր նրա մամուլի քարտուղարը:

Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։