Ինքներդ կարող եք արգելափակել կեղծ լուրեր տարածողներին, չընթերցել այն ԶԼՄ-ները, որոնք, Ձեր կարծիքով, սուտ լուրեր են տարածում. վարչապետի պատասխանը՝ քաղաքացու հարցին (տեսանյութ)
Դուք ինքներդ կարող եք արգելափակել կեղծ լուրեր տարածողներին, չընթերցել այն լրատվամիջոցները, որոնք, Ձեր կարծիքով, սուտ լուրեր են տարածում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատեր Վարդան Հարությունյանի հարցին, թե երբ պետք է վերջնականապես մեծ պատիժների արժանանան դեղին մամուլի ղեկավարները, որոնք տարածելով սուտ լուրեր՝ անպատիժ են մնում:
«Մեզ, Ձեզ և Ձեր ընտանիքներին վիրավորող ծաղրանկարներով ողողված ֆեյսբուքյան պրոֆիլների հեղինակների խստագույն ձևով պատժեք»,-նշել էր քաղաքացին:
Վարչապետը նշեց, թե կեղծ լուրերը կբաժանի երկու մասի՝ ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքներ և անձնական բնույթի վիրավորանքներ: Առաջինի դեպքում, ըստ վարչապետի, աշխատում են իրավապահ մարմինները:
Անդրադառնալով կեղծ լուրերի երկրորդ հատվածին՝ վարչապետը նշեց, որ, բնականաբար, տհաճ է, երբ հայհոյում են իրեն կամ իր ընտանիքի անդամներին, բայց եթե հայհոյանքների կամ նմանատիպ երևույթների, ծաղրանկարների դեպքում սկսեն պատժել, դա կլինի ժողովրդավարության ոտնահարում:
Վարչապետը նշեց, որ քանի դեռ ՀՀ քաղաքացիները այդ բովանդակությունը չեն կիսում, նշանակում է՝ Կառավարության և քաղաքացիների միջև վստահություն կա: «Ժողովրդավարության պայմաններում անելիքը ոչ թե Կառավարությանն է, այլ հանրությանը»,-ասաց Փաշինյանը:










