«Տանն աղոթեք». Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով եկեղեցի չգնալ
Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն կոչ է արել բնակչությանը եկեղեցի չգնալ և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար տանն աղոթել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում արտակարգ դրություն են հայտարարել, ինչպես նաև երեկոյան ժամը 21.00-ից մինչև 6.00-ը համընդհանուր կարանտին և պարետային ժամ հայտարարել։ Կայքի փոխանցմամբ՝ երկրում երկուշաբթի վարակակիրների թիվը հասել է 188-ի, որից 2-ը՝ մահվան ելքով։
«Ցանկանում եմ հավատացյալ քրիստոնյաներին կոչ անել․ ձեր՝ եկեղեցի չգնալով պաշտպանե՛ք եկեղեցին, պաշտպանե՛ք հոգևորականներին, տանը մնացե՛ք։ Պաշտպանենք այն ոչ միայն այս, այլ նաև մյուս վիրուսներից։ Մի՛ այցելեք եկեղեցիներ, տանը մնացե՛ք։ Եկեղեցու դռները չեն կարող փակվել, քանի որ այնտեղ հոգևորականներն են լինելու, որոնք աղոթելու են մեզ համար։ Տանը մենք պետք է մեկս մյուսի և մեր երկրի համար աղոթենք»,- հայտարարել է Իմնաձեն ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ Սբ Զատկի արարողությանը հետևելու է հեռուստացույցով, և կոչ է արել երկրի բնակչությանը նույն կերպ վարվել։










