Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կնվազեցվեն, պարգևավճարները կչեղարկվեն

12:41 • 06.04.20

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ կառավարությունը նոր տեսակի կորոնավիրուսի ֆոնին հակաճգնաժամային միջոցառումների շարքում ծրագրել է նվազեցնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: Այս մասին հայտնի է դառնում նախագահի՝ Twitter սոցկայքում հրապարակված ելույթից։

«Համաձայնության ենք եկել այն հարցում, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը նվազեցվեն, փոխտնօրենից սկսած մինչև հանրապետության նախագահին հասանելիք ամենամյա պարգևավճարները կչեղարկվեն»,- նշել է Լոպես Օբրադորը։

Նախագահը չի նշել, թե որքան ժամանակով են սառեցվելու վճարումներն ու չեղարկվելու պարգևավճարները՝ ընդգծելով, որ իր ընտրվելուց հետո կառավարության որդեգրած ազգային զարգացման ծրագիրը չի փոխվելու նավթի շուկայում ճգնաժամի և կորոնավիրուսի համավարակի հետևանքների պատճառով, և այն ուղղված է լինելու երկրում հասարակության ամենաաղքատ և առավել խոցելի խավերին։

Կառավարությունը ենթադրում է, որ սոցիալական և զարգացման ծրագրերի 2020 թվականի արդյունքներով երկրում 22 միլիոն շահառու կլինի։

Կենսաթոշակների, ուսանողների կրթաթոշակների և հաշմանդամության 4 ամսվա նպաստների վաղաժամ վճարումից բացի, տնտեսության զգալի մասի աշխատանքի փաստացի դադարեցման հետ կապված մոտ ապագայում վարկային աջակցություն կստանան մասնավոր անձինք, փոքր և ընտանեկան ձեռնարկությունները: