3000 դրամի պարունակությամբ տոպրակներով աջակցություն է բաժանվում, և հեռարձակվում է. սա իրականում բարեգործություն չէ, այլ`սեփական գովազդային հոլովակ․ վարչապետ (տեսանյութ)

20:28 • 06.04.20

Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատեր Հայկ Թորոսյանի հարցին, թե ե՞րբ է կատարվելու նախկին կոռումպացված «թալանչիների» գույքի  բռնագանձում:

«Ես չեմ ցանկանում, որ նման արտակարգ դրությունում ՀՀ ժողովուրդը սպասի, թե որ «ձեռներեց-բարերարը» պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին, քանի որ իրենց «աջակցությունը» դիտարկվում է որպես արդար օգնություն»,-նշել էր օգտատերը:

«Ես ողջունում եմ բարեգործությունը, դա հատկապես ողջունելի է ճգնաժամի շրջանում, բայց ես վերջերս մի վարժություն եմ արել՝ x մարդը x օգնություն էր բաժանել x տեղում, և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադվել: Ես խնդրեցի մեր մարմիններին ճշտել, թե կոնկրետ ինչ է բաժանվել և մոտավորապես ինչ գնի: Մենք պարզեցինք, որ մի տոպրակի պարունակության գինը մոտավորապես 3000 դրամ է եղել, եղել է մոտավորապես 350 000-400 000 դրամի օգնություն»-ներկայացրեց վարչապետը, ապա ասաց, թե այդ գումարը համեմատել են հեռուստատեսային գովազդի գների հետ:

«Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի րոպեների և գովազդի րոպեների հետ, որի համար, ենթադրում ենք, չի վճարվել, որովհետև ոչ թե որպես գովազդ է եթեր գնացել, այլ ռեպորտաժ, ստացվեց, որ այս ձևով  հեռուստատեսային գովազդի գների հետ կամ համեմատելի է, կամ շատ ավելի էժան է ստացվում: Գովազդային ռեպորտաժի գնից պակաս աջակցություն է բաժանվում, և հեռարձակվում է. ստացվում է՝ սա շատ ձեռնտու և շահավետ գործողություն է, որն իրականում այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է»,-պարզաբանեց վարչապետը:

Քաղաքացու այն դիտարկմանն էլ, թե Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեծ գումարներ վերադարձվեցին երկրին, Փաշինյանն ասաց, թե պետք է խոստովանի, որ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ոստիկանության բարեփոխումները շատ ավելի արագ են ընթացել:

«Սրա պատճառներից ամենակարևորն այն է, որ Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ունեցել է աշխարհաքաղաքական կոնտեքստ, և աշխարհաքաղաքական բևեռներից մեկը շահագրգռված է եղել բոլոր հնարավոր ձևերով ապացուցել, որ այդ գործողությունն արդյունավետ է, և ահռելի քանակությամբ նվիրատվություններ են արվել: ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ, և մենք դեմ ենք դրան: Մենք ունենք գործընկերներ, բայց չունենք հովանավորներ»,-ասաց Փաշինյանը: