Գիշերօթիկ դպրոցների փակվելուց հետո 230 երեխա վերադարձել են կենսաբանական ընտանիքներ, 65 երեխա էլ խնամատար ընտանիքներում են. Նիկոլ Փաշինյան

22:05 • 06.04.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս, անդրադարձավ գիշերօթիկների և տուն-ինտերնատների փակվելուց հետո երեխաների և ծերերի ապրելու պայմաններին, և թե ովքեր են նրանց հիմա խնամում:

Նա ասաց, որ գիշերօթիկ հաստատությունների փակվելուց հետո շուրջ 230 երեխա վերադարձել են կենսաբանական ընտանիքներ և նրանց ընտանիքներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում: «Երեխաները նախկինում պահվում էին բավականին տխուր այդ հիմնարկներում: Մեր քաղաքականությունն այն է, որ այդ երեխաները վերադառնան և ապրեն իրենց ընտանիքներում: Այն գումարները, որ այն ժամանակ ծախսում էինք այդ հաստատություններում, հիմա ծախսում ենք տվյալ ընտանիքներում»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ խնամատար ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն և 30 տոկոս հաշմանդամություն ունեցող ամեն երեխայի համար, այս պահին 48 ընտանիքներում է 65 երեխա:

Հարցին էլ, թե ում կարող են դիմել որդեգրման համար, վարչապետը նշեց՝ Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ:

Ինչ վերաբերում է ծերերին, Փաշինյանն ասաց, որ ծերերի որևէ հաստատություն այս պահին չի փակվել և նրանք շարունակում են մնալ այդ հաստատություններում: