Շրի Լանկայում կորոնավիրուսի պատճառով 2961 բանտարկյալի են ազատ արձակել

11:15 • 06.04.20

Շրի Լանկայում երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի կողմից նշանակված հատուկ կոմիտեի հրամանով մարտի 17-ից կորոնավիրուսի պատճառով գրավի դիմաց ազատ է արձակվել 2961 բանտարկյալ: Այս մասին տեղեկացնում է adaderana.lk կայքը:

Այն բանտարկյալները, որոնք ի վիճակի չեն եղել վճարելու գրավը և դատապարտված են եղել մանր հանցագործությունների համար, անցկացրել են իրենց ազատազրկման ժամկետի մեծ մասը կամ որոշ հիվանդություններ են ունեցել, նույնպես ազատ են արձակվել:

Ազատ արձակման որոշում կայացրած կոմիտեն բաղկացած է Շրի Լանկայի փաստաբանների ասոցիացիայի, արդարադատության նախարարության և բանտերի վարչության աշխատակիցներից:

Ներկա դրությամբ Շրի Լանկայի բանտերում ազատազրկված է ավելի քան 26 000 դատապարտյալ, այն դեպքում, երբ երկրի բանտերը նախատեսված են ընդհանուր 10 000 հոգու համար: