Արդյո՞ք կորոնավիրուսը տարածվել է Ուհանի հետազոտական լաբորատորիայից. բրիտանական հետախուզությունը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վարկածները. Daily Mail
Բրիտանացի քաղաքական գործիչները կարծում են, որ կորոնավիրուսի համավարակի սկզբնաղբյուրը կարող է չինական հետազոտական լաբորատորիան լինել: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Բրիտանական կառավարության բարձրաստիճան աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած «գիտական խորհուրդները» շարունակում են առաջ տանել այն վարկածը, որ մահացու վիրուսը մարդկանց է փոխանցվել Ուհանի կենդանիների շուկայից, չինական քաղաքի լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման վարկածը նույնպես չի բացառվում:
Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի անդամներից մեկը հայտարարել է, որ չնայած հետախուզության վերջին տվյալները չեն վիճարկում կորոնավիրուսի կենդանածին լինելը, բայց ինքը չի բացառում, որ կորոնավիրուսը տարածվել է հենց լաբորատորիայից:
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայություններից գաղտնի ճեպազրույցներ ստացող «Կոբրա» կոմիտեի անդամն ասել է. «Կա վիրուսի կենդանածին լինելու վարկածին հիմնավոր այլընտրանք` հիմնված վիրուսի բնույթի վրա: Հնարավոր է, որ պատահական չէ Ուհանում այդ լաբորատորիայի գոյությունը: Սա չի կարող բացառված լինել»:
Ուհանում գտնվում է վարակաբանական ինստիտուտ, որն ամենազարգացածն է մայրցամաքային Չինաստանի տարածքում: 36 միլիոն դոլարանոց ինստիտուտը, որը կոչված է դառնալու աշխարհի ամենաանվտանգ վարակաբանական ստորաբաժանումներից մեկը, գտնվում է մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա վայրի բնության տխրահռչակ շուկայից: 2018 թվականին People's Daily պարբերականը գրել էր, որ այս ինստիտուտը հնարավորություն ունի «փորձեր կատարելու բարձր պաթոգեն ունեցող միկրոօրգանիզմների, այդ թվում` մահացու էբոլա վիրուսի վրա»:
Հենց այս ինստիտուտի գիտնականներն էին, որ առաջին անգամ ենթադրել են, որ վիրուսի գենոմը 96%-ով նման է չղջիկների մոտ հանդիպող գենոմին:
Չնայած ինստիտուտի` անվտանգության առումով բարձր հեղինակությանը, չհաստատված լուրեր կան այն մասին, որ այստեղի աշխատակիցները վարակվել են, ինչից հետո էլ վիրուսը տարածել են բնակչության շրջանում:
Տեղեկություններ կան, որ Ուհանի երկրորդ նմանատիպ ինստիտուտը` Հիվանդությունների վերահսկման ուհանյան կենտրոնը, որը շուկայից գտնվում է 5-6 կիլոմետր հեռավորության վրա, փորձեր է արել կենդանիների, մասնավորապես` չղջիկների վրա` կորոնավիրուսների փոխանցումը պարզելու համար:
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռուտգերսի համալսարանի Վակսմանի անվան միկրոկենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր, կենսաանվտանգության հարցերով փորձագետ Ռիչարդ Էբրայթը նշել է, որ չնայած տվյալները ցույց են տալիս, որ վիրուսը չի ստեղծվել Ուհանի լաբորատորիաներում, բայց դա շատ հնարավոր է, որ իրողություն լինի:
Պրոֆեսոր Էբրայթը նշել է, որ ինքն անձամբ է տեսել, որ Ուհանի վարակաբանական ինստիտուտի և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի գիտնականները վիրուսներն ուսումնասիրում էին ոչ թե պահանջված 4-րդ մակարդակի պաշտպանվածությամբ, այլ ընդամենը 2-րդ մակարդակի, որը «նվազագույն պաշտպանություն է ապահովում լաբորատորիայի աշխատակիցների համար»:
Էբրայթը եզրակացության է եկել, որ ապացույցները թույլ չեն տալիս բացառել վիրուսի` լաբորատորիաներից տարածվելու վարկածը:










