«Մենք աստիճանաբար կանցնենք կորոնավիրուսով վարակվածների՝ տնային պայմաններում բուժմանը». Վրաստանի առողջապահության նախարար

16:14 • 06.04.20

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ տնային պայմաններում կորոնավիրուսի բուժման պրակտիկան արդեն օգտագործվում է շատ երկրների կողմից և շատ արդյունավետ է: Այս մասին գրում է pia.ge կայքը:

Նախարարի խոսքով՝ ելնելով Վրաստանում գրանցված վարակման դեպքերի թվից՝ Վրաստանն աստիճանաբար կանցնի վարակվածներին տանը բուժելու ռեժիմին:

«Թեստավորման ռեժիմում մենք բավականին դրական դինամիկա ունենք: Մեր ընտանեկան բժիշկները մոնիթորինգի են ենթարկում 112 հեռախոսահամարի մուտքային զանգերը, որակյալ ախտորոշում և խորհրդատվություն է տրվում: Այս պրակտիկան աստիճանաբար կկատարելագործվի»,-հայտարարել է Տիկարաձեն:

Առողջապահության նախարարը նշել է նաև, որ երկրում «ագրեսիվ թեստավորման» հետևանքով կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ չի սպասվում:

«Մենք փոխում ենք ալգորիթմը և ուսումնասիրում ենք հստակ թիրախային խմբերի, ինչպիսին է բուժանձնակազմը: Սա «ագրեսիվ թեստավորման» առաջին քայլն է: Թիրախային խմբերն աստիճանաբար ընդլայնվում են ավելի մանրամասն բնորոշումներով: Շատ կարևոր է ծրագրված և մտածված քայլերով առաջ գնալ, որպեսզի արդյունավետությունը բարձր լինի և հայտնաբերենք վարակման բոլոր դեպքերը: Համավարակների դեմ պայքարը հստակ աստիճանավորում ունի, որին մենք հետևում ենք և վերահսկում: Ամեն փուլում փոխվում են ալգորիթմները, ինչպես նաև փոխվում են, իհարկե, առաջնահերթությունները: «Ագրեսիվ թեստավորումը» մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է, բայց դա էլ ունի իր հստակ ժամանակն ու տարածքը, որտեղ այն պետք է անցկացվի և երբ, որպեսզի ստանանք առավելագույն արդյունք»,-հայտարարել է Տիկարաձեն:

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 188, մահվան` 2 դեպք:

Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 286 294 դեպք, 70 446-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 271 882 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում: