Ճապոնիան 1 տրիլիոն դոլարի ներդրում է անում համաշխարհային տնտեսության պաշտպանության համար. CNN
Ճապոնիան մոտ մեկ տրիլիոն դոլար կհատկացնի՝ իր տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքներից պաշտպանելու համար:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, երկրի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հայտարարել է 108 տրիլիոն իեն ($989 մլրդ) ծավալով օգնության փաթեթի մասին, որը հավասար է աշխարհի մեծությամբ երրորդ տնտեսության արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսին:
Ֆինօգնության փաթեթը ներառում է տասնյակ միլիարդավոր դոլարներով կանխիկ գումարի հատկացում ընտանիքներին և փոքր բիզնեսի սեփականատերերին, որոնք կորցրել են եկամուտը վիրուսի պատճառով: Փաթեթը ներառում է նաև հարկային արտոնություններ և առանց տոկոսադրույքի վարկեր:
Նշվում է, որ վարչապետը մտադիր է մամլո ասուլիս հրավիրել և առավել մանրամասն ներկայացնել փաթեթը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ կառավարությունն ընդունել էր պատմության մեջ ամենամեծ ֆինօգնության փաթեթի՝ 2 տրիլիոն դոլարի ծավալով տնտեսական աջակցության մասին օրինագիծը: Նման ծախսերի մասին են հայտարարել նաև Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան և այլ խոշոր տնտեսություններ:










