Վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով. ՀՀ փոխոստիկանապետ (տեսանյութ)

16:01 • 06.04.20

Ոստիկանության 6 ծառայող վարակվել է կորոնավիրուսով, մեկուսացված է 16 ոստիկան: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Նրա խոսքով՝ ոսիկանները պրոֆիլակտիկ կերպով չեն թեստավորվում, թեստավորվում են այն ոստիկանները, որոնք, հնարավոր է, խնդիր ունենան:

Մհրյանն ասաց նաև, որ այս ընթացքում հանցագործությունների էական նվազում կա, իսկ օպերատիվ իրավիճակը գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո:

Tert.am-ի դիտարկմանը, թե մարտի 27-ին գիշերը, երբ Մալաթիայում ոստիկանության ծառայողնեը ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացուց տեղաշարժման թերթիկ էին պահանջել, քաղաքացին հայհոյանքներ էր հասցրել ոստիկանների հասցեին մեքենայի մեջ և ոստիկանության բաժնում, քրեական գործ է հարուցվել, սակայն ՀՔԾ-ում էլ քրեական գործ է հարուցվել քաղաքացու հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանների ենթադրյալ արարքների վերաբերյալ, և հարցին՝ այս և նման դեպքերը արդյո՞ք չեն նպաստում ոստիկանության ծառայողների կաշկանդվածությանը և այս իրավիճակում որքանո՞վ են պաշտպանված ոստիկանները, Հայկ Մհրյանն արձագանքեց.

«Այո, դրանք իրոք տհաճ երևույթներ են: Ոստիկանները պաշտպանված են օրենքի ուժով, նրանք պետք է պաշտպանվեն նաև ժողովրդի կողմից: Ոստիկանները ծառայում են ժողովրդին, և նմանատիպ իրավիճակներն ուղղակի պատիվ չեն բերում նման անձանց, որոնք իրենց թույլ են տալիս ոստիկանության օրինական գործողությունները կատարելիս՝ խոչընդտել, վիրավորել: Կարծում եմ՝ նախաքննության ընթացքում պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա։