Իսպանիայում կորոնավիրուսից մահացության մեկօրյա ցուցանիշը նվազել է չորրորդ օրն անընդմեջ. Worldometers

22:34 • 06.04.20

Իսպանիայում վերջին մեկ օրում 528 մարդ է մահացել Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Երկրում գրանցվող 24-ժամյա մահացության ցուցանիշը նվազում է չորրորդ օրն անընդմեջ: Համաճարակի բռնկումից ի վեր թագավորության տարածքում մահացել է 13 169 մարդ, վարակվել՝ 135 032-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 81 426 մարդ:

Նախօրեին Իսպանիայում կորոնավիրուսից մահացել էր 674 մարդ: Երկրում մեկ օրում մահացության ռեկորդային ցուցանիշ (950 մարդ) էր գրանցվել հինգշաբթի, որից հետո մահվան դեպքերն աստիճանաբար նվազում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում մահացության մեկօրյա ցուցանիշի նվազման մասին: Խոսքը կիրակի գրանցված տվյալների մասին է: