Թրամփը թույլ չի տվել ԱՄՆ գլխավոր համաճարակաբանին պատասխանել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մասին հարցին (տեսանյութ). Washington Post

21:20 • 06.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կայացած ասուլիսի ժամանակ կրկին խոսել է կորոնավիրուսի դեմ չփորձարկված դեղամիջոցի կիրառման մասին՝ ասելով. «Ի՞նչ ունենք կորցնելու»:

Այս մասին գրում է Washington Post-ը՝ նկատելով, որ Թրամփը թույլ չի տվել Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին պատասխանել նախագահի առաջարկած դեղամիջոցի մասին հարցին: Նշվում է, որ CNN-ի թղթակիցը հարց է տվել մասնագետին տվյալ դեղամիջոցի (hydroxychloroquine) արդյունավետության մասին՝ ասելով. «Կան արդյո՞ք բժշկական ապացույցներ»:

Կանգնած լինելով միկրոֆոնի առաջ և պատրաստվելով պատասխանել լրագրողին՝ Ֆաուչին չհասցրեց նույնիսկ մի բառ ասել: Նույն պահին խոսել է սկսել նախագահ Թրամփը՝ ասելով. «Գիտեք քանի անգամ է նա պատասխանել այդ հարցին, հավանաբար 15»: