Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» խնդրել է օգնել Բորիս Ջոնսոնի բուժման հարցում․ The Guardian

08:34 • 07.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» օգնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժման հարցում, գրում է The Guardian-ը։

Երեկոյան ճեպազրույցի ժամանակ Թրամփը չի նշել ընկերությունների անունները, սակայն նույն օրը ավելի վաղ թերապևտիկ դեղամիջոցների վերաբերյալ հանդիպում է անցկացրել ամերիկյան չորս դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերությունների՝ Amgen, Genetech, Gilead և Regeneron ընկերությունների ղեկավարների հետ, գրում է աղբյուրը։

«Մենք վշտացած ենք այն փաստով, որ նրան այսօր առավոտյան ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար։ Մենք կապվել ենք Բորիսի բոլոր բժիշկների հետ, տեսնենք՝ ինչ կլինի, բայց նրանք պատրաստ են սկսել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը վատթարացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

55-ամյա Ջոնսոնին «չնահանջող ախտանշաններով» հիվանդանոց էին տեղափոխել կիրակի: Նրան պատրաստվում էին թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնել:  

Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։