Պեսկովը հայտնել է, թե ինչպես են Պուտինին կորոնավիրուսից պաշտպանում

17:46 • 07.04.20

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու համար, գրում է interfax.ru կայքը։

Մասնավորապես, Պեսկովը հայտնել է, որ նախապես թեստավորում են անցնում բոլոր այն անձինք, որոնք հանդիպում պետք է ունենան նախագահի հետ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացման մեջ է գտնվում՝ Պեսկովը հիշեցրել է, որ նախագահը նախօրեին Կրեմլ է ժամանել Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով ժողով անցկացնելու նպատակով։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ նախագահը շարունակում է ոչ մեծ թվով մարդկանց հետ հանդիպումներ ունենալ։

«Նրանք, ովքեր մասնակցում են այդ հանդիպումներին, բուժստուգում են անցնում և նախօրոք թեստավորվում են»,- նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ հիմնականում խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չնայած աշխատանքային ռեժիմին՝ ինքնամեկուսացման ռեժիմի շրջանակներում հատուկ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկում։

Լրագրողներն իրենց հերթին նկատել են, որ հանդիպման տեսանյութում նախագահը ձեռքով է ողջունում ներկաներին, ինչին ի պատասխան՝ Պեսկովը հավելել է, որ հանդիպման մասնակիցները նախապես ստուգվել են, այդ պատճառով նախագահն իրեն իրավունք է վերապահել ձեռքով ողջունել։

Պեսկովը նշել է, որ Պուտինը կորոնավիրուսի թեստ այնքան հաճախ է հանձնում, որքան որ իր բժիշկն է նպատակահարմար գտնում։