Անգործ 49 մարդ ու ոչ մի աշխատանք, ոչ մի օգնություն, ոնց որ այս երկրի քաղաքացի չլինենք, բոլորն ընկճված են, մի կերպ գոյատևում են. գիշերօթիկ հաստատության տնօրեն

17:04 • 07.04.20

Մեր հաստատության անգործ մնացած 49 աշխատակիցներն ասես այս երկրի քաղաքացի չլինեն, ոչ աշխատանք ունեն, ոչ աջակցություն են ստանում, այս պայմաններում չեն ապրում, ուղղակի՝ գոյատևում են: Այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի լուծարված գիշերօթիկ հաստատություն-կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը հունվարի 11-ից լուծարվել էր:

«Բոլորը աշխատողները մեկուսացված են, իրենց տներում են, շատ վատ է իրենց պայմանները: Ուղղակի այս վիճակը մի քիչ խանգարեց, չեմ կարծում, որ մենք պետք է այս ամենը շրջանցենք, որովհետև շատ լուրջ իրավիճակ է առաջացել: Լուծարված կենտրոնի աշխատողները չունեն այլ աշխատանք, միջոցներ, օգնություն չեն ստանում, ո՞նց կարելի է: 49 հոգի, ոչ մի աշխատանք, ոչ մի օգնություն, ոնց որ այս երկրի քաղաքացի չլինենք, այդ վիճակն է, ոչ մի վերաբերմունք չկա, բոլորը շատ ընկճված, խեղճուկրակ վիճակում գոյատևում են: 49-ից ոչ մեկին ոչ մի աշխատանք չտրվեց, շատ լավ մասնահգետներ ունեինք»,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ հասկանալի է՝ բոլորը միասին պետք է այս ճգնաժամը հաղթահարեն, բայց ևս մեկ անգամ ընդգծեց. «Ոչ աշխատանք կա, ոչ աշխատավարձ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, չեն ապրում, գոյատևում են ուղղակի, բայց ի՞նչ անեն, շատ վատ է»,- ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝ հաստատության փակվելուց հետո աշխատակցիներին ոչ մի աշխատանք չի առաջարկվել: «Ո՞վ պետք է առաջարկեր: 15 րոպե տևեց 16 տարվա կառույցի փակելը: Ձմեռը կարելի էր աջակցություն ցուցաբերել, ձմեռ օրով հանել այդ ժողովրդին դուրսը թողնե՞լ... այդ ցրտի հետևանքով հիմա մեծ մասը հիվանդ են, որովհետև ահավոր, անմարդկային պայմաններ էր, գազն անջատել էին, լույսը մի կերպ վճարում էինք, հսկայական աշխատանքներ կային, հո երեխաներին տանելով չէ՞ր հարցը լուծվում: Ամեն ինչը կարգի բերել էր պետք, հազար ու մի գործեր էինք անում: Այդ աշխատանքները պետք է արվեին նորմալ պայմաններում, բայց մենք այդ ցրտի ու անմարդկային պայմաններում աշխատեցինք, հասցրեցինք բոլոր գործերն ավարտին»,- շեշտեց նա:

Սոնա Սիմոնյանն ասաց, որ ինքն իր մասին չի մտածում: «Թող աշխատողներին առաջին հերթին օգնեն, գոնե նրանց մի մասն էլ ինչ-որ ձևով աջակցություն ստանա կամ աշխատատեղ գտնի, դա մեծ բան կլինի, բոլորն էլ շատ վրդովված են: Ինչ-որ պայմանավորվածություն կար, որ աշխատանքով կապահովեն, կօգնեն, մեկ-մեկ ելույթներ են ունենում՝ ասում են, որ աշխատատեղով են մի քանիսը ապահովվել, այդպիսի բան չկա «Թռչունյան տան» ոչ մի աշխատող աշխատանք չունի, ինչի՞ են այդպիսի բաներ հայտարարում»,- շեշտեց նա: