Վրաստանի Ղարաջալա գյուղում «ձեռք խնդրելու» արարողությունն ավարտվել է 21000 լարի տուգանքով (տեսանյութ)

23:08 • 07.04.20

Սիրո խոստովանությունը «թանկ է նստել» Վրաստանի Ղարաջալա գյուղի բնակիչների վրա, գրում է aliq.ge կայքը։

Տղան՝ իր 5 ընկերների հետ որոշել է սիրած աղջկան առաջարկություն անել: Անակնկալի ընթացքում մոտեցել են ոստիկաններն ու «Ձեռք խնդրելու» արարողության բոլոր 7 մասնակիցները տուգանվել են:

Տղաներն ասում են, որ պարետային ժամի կարգը չեն խախտել: Դրսում եղել են ժամը 20:00-ին: Ոստիկանությունը, հավանաբար խախտում է համարել 3-ից ավելի մարդու ներկայությունը մեկ վայրում:

7 հոգու համար տուգանքի ընդհանուր գումարը 21000 լարի է (մոտ 7000 դոլար)։ Ընդհանուր կարանտինի կարգն առաջին անգամ խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000 լարիով: Տուգանված երիտասարդների ծնողներն արդեն ասել են, որ հրաժարվում են վճարել, քանի որ նման գումարներ չունեն ու որոշումը բողոքարկելու են դատարանում: