Իտալիայում կնոջը տուգանել են կարանտինի ժամանակ 1 օրում 11 անգամ խանութ գնալու համար. «ՌԻԱ Նովոստի»
Իտալիայի հյուսիս-արևելքում ապրող տարեց կինը երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված խիստ կարանտինի պայմաններում մեկ օրվա ընթացքում մթերք գնելու համար 11 անգամ խանութ է գնացել, ինչի պատճառով տուգանվել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իտալական La Repubblica պարբերականին:
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիս-արևելյան Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանի Գրադո փոքրիկ քաղաքում:
Նշվում է, որ տարեց իտալուհուն փողոցում նկատել է ոստիկանությունը: Երբ նա հերթական անգամ գնում էր խանութ, իրավապահները նրան կոչ են արել մնալ տանը, բայց դա չի ազդել: Երբ իտալուհին 11-րդ անգամ է դուրս եկել մթերքի ետևից, ոստիկանությունը նրան 280 եվրոյով տուգանել է:
Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե կինը 30 օրվա ընթացքում չվճարի տուգանքը, գումարը կաճի և կկազմի 400 եվրո:
Իտալիան կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան թվով առաջին տեղում է Եվրոպայում: Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է վարակման 132 547 դեպք, 16 523 մարդ մահացել է, 22 837-ը` բուժվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:










