Ոստիկանները գտել են Ռոբերտ Քենեդիի թոռնուհու մարմինը
ԱՄՆ-ի ոստիկանները գտել են Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհու՝ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինի մարմինը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մեյվի մարմինը գտնվել է ԱՄՆ-ի ժամանակով 17:30-ին՝ նրա մոր տանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Նրա 8-ամյա որդու՝ Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինի մարմինը գտնել դեռևս չի հաջողվել: Նշվում է, որ որոնողական աշխատանքները կշարունակվեն երեքշաբթի:
Հիշեցնենք, որ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինը և նրա որդի Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինն անհետացել էին հինգշաբթի ցերեկը՝ Մերիլենդ նահանգի Չեսապիկի ծոցում կանոեով նավարկելու ժամանակ։ Թոռնուհու ամուսինը՝ Դևիդ Մաքքինն ավելի վաղ հաստատել էր նրանց անհետացման մասին տեղեկությունը։
Նշվում էր, որ շրջված կանոեն ապրիլի 3-ի երեկոյան հայտնաբերվել էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ վերջին անգամ նկատել էին այն: Դրանից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով:










