Ինչպես է փոխվել աշխարհի ամենահզոր անձնագրերի ինդեքսը կորոնավիրուսի պայմաններում. ՀՀ անձնագիրը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով
Այս տարվա հունվարին Henley Passport Index-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Ճապոնիայի քաղաքացիների անձնագիրն ամենահզորն էր ողջ աշխարհում, քանի որ հնարավորություն է տալիս առանց մուտքի արտոնագրի այցելել 191 երկիր:
Սակայն այժմ, երբ աշխարհի բնակչության 93 տոկոսը բնակվում է կորոնավիրուսի պատճառով տեղաշարժման արգելքի և մեկուսացման պայմաններում, իրավիճակը փոխվել է: Այս մասին գրում է CNN-ը՝ փոխանցելով անձնագրային հզորության ինդեքսի հիմնադիր, Henley & Partners ընկերության ղեկավար Քրիստիան Քելինի ներկայացրած տվյալները:
«Ինդեքսը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության տվյալների հիման վրա և ընդգրկում է 199 անձնագրեր և 227 ուղղություն»,- ասել է Քելինը՝ նշելով, որ Ճապոնիան պահպանում է առաջատարի իր դիրքը նաև 2020-ի երկրորդ եռամսյակում:
Ծագող արևի երկրին հաջորդում են Սինգապուրը, իսկ Գերմանիան և Հարավային Կորեան կիսում են երրորդ տեղը:
Չորրորդ տեղը կիսում են Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Իտալիան և Ֆինլանդիան: Ավստրիան և Դանիան հինգերորդ հորիզոնականում են: Ինդեքսի տվյալները թարմացվում են իրական ժամանակում և այն ժամանակ, երբ մուտքի արտոնագրի տրամադրման քաղաքականության փոփոխություն է տեղի ունենում:
Ողջ աշխարհում միջին հաշվարկով քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել 107 երկիր, որը գրեթե կրկնակին է 2006 թվականի 58 ուղղության համեմատ: Այդ թվականին էլ իր գործունեությունը սկսել է Henley Passport Index-ը:
Հիշեցնենք, որ հունվարին հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել էր 81-րդ հորիզոնականը, ՀՀ անձնագիրն առանց վիզայի հնարավորություն էր տալիս այցելել 62 երկրներ։
Ապրիլի 7-ի տվյալներով՝ Հայաստանը 80-րդ հորիզոնականում է, այժմ ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 63 երկիր:










