Թրամփի վարչակազմը 225 մլն դոլարի հավելյալ ֆինօգնություն է հատկացնում այլ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Chicago Sun-Times

23:53 • 07.04.20

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարել է 225 մլն դոլար ծավալով հավելյալ ֆինօգնության ծրագրի մասին, որը նախատեսված է կորոնավիրուսի դեմ պայքարում այլ երկրներին աջակցելու համար:

Այս մասին հայտնում է Chicago Sun-Times-ը՝ նշելով, որ արտասահմանյան ֆինօգնության ամբողջական ծավալն այսպիսով կազմում է մոտ կես մլրդ դոլար: Նշվում է, որ աջակցության նոր ծրագիրը չի ներառի անձնական պաշտպանիչ միջոցների տրամադրում՝ պայմանավորված ԱՄՆ-ում դրանց մեծ պահանջարկով:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ օգնությունն ուղղված է այլ երկրներում Covid-19-ի դեմ պայքարին արձագանքելու ունակությունը բարձրացնելուն: Նրա խոսքով՝ դրամական միջոցները կօգտագործվեն ախտորոշման, կանխարգելման և վերահսկման աշխատանքների և ազգային առողջապահական համակարգերն ամրապնդելու համար:

Անցյալ ամիս ԱՄՆ-ն հայտարարել էր 274 մլն դոլարի ծավալով արտասահմանյան օգնության փաթեթի մասին՝ նախատեսված 64 երկրի համար: