Թրամփը բարկությամբ է արձագանքում, երբ իրականությունը հակասում է կորոնավիրուսի մասին նրա պատկերացումներին. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ատելությունը գիտության և իր քաղաքական դիրքորոշումները քննադատող փորձագետների նկատմամբ հանգեցնում է կորոնավիրուսի համավարակի փխրուն և անարդյունավետ կառավարման: Ինչպես նկատում է CNN-ը, Թրամփը կոպիտ և դյուրագրգիռ վարք է դրսևորել երկուշաբթի կայացած ճեպազրույցների ժամանակ՝ հրաժարվելով անգամ լսել դաշնային կառավարման թերություններին առնչվող հարցերը:
Նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ նա քննադատել է երկրի առողջապահության և սոցիալական ծառայությունների հարցերով վարչության պաշտոնական ներկայացուցչի զեկույցը երկրի բոլոր հիվանդանոցներում բուժսարքավորումների պակասի մասին՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»:
Հիշեցնենք, որ կիրակի կայացած ճեպազրույցի ժամանակ Թրամփը թույլ չէր տվել, որ ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին պատասխանի լրագրողի՝ կորոնավիրուսի դեղամիջոցի արդյունավետության մասին հարցին:
Գիտության և քաղաքականության միջև տեղի ունեցող բախումները համավարակի դեմ պայքարի հարցում առավել սրվել են վարչակազմի ներսում: Հանգստյան օրերին Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Փիթեր Նավառոն բախում է ունեցել Ֆաուչիի հետ՝ Covid-19-ի դեմ Թրամփի առաջարկած դեղամիջոցի (hydroxychloroquine) արդյունավետության հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 11 000-ը, վարակվածներինը՝ 377 000-ը:










