Ուհանի իշխանությունները 11-շաբաթյա կարանտինից հետո չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը

23:26 • 07.04.20

Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգի Ուհան քաղաքի իշխանությունները չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, արգելքը դադարել է գործել չորեքշաբթի օրվանից (երևանյան ժամանկով երեքշաբթի՝ 20:00-ից):  Քաղաքը, որտեղից դեկտեմբերին սկսել էր տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի վարակը, փակ է եղել 11 շաբաթ:

Կորոնավիրուսի տարածման պատճառով հունվարի 23-ից քաղաքը կարանտինի մեջ է գտնվել. տրանսպորտային հաղորդակցությունն Ուհանի հետ դադարեցվել էր, իսկ տեղի բնակիչներին արգելվել էր լքել քաղաքի տարածքը: Քաղաքի ներսում հասարակական տրանսպորտի գործունեությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ Չինաստանում այսօր կորոնավիրուսից մահացության դեպք չի գրանցվել:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 80 000 մարդ, վարակվել ավելի քան 1.4 մլն-ը: