«Այնպես խստացնենք, որ աչքների առաջ սևանա»․ Լուկաշենկոն սպառնացել է ինքնամեկուսացման ռեժիմը խստացնել

14:40 • 08.04.20

Բելառուսում անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ինքնամեկուսացման ուղարկվողների նկատմամբ պահանջները կխստացվեն, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է lenta.ru կայքը։

«Մենք մի անգամ ստուգել ենք․ նրանց տուն ենք ուղարկել, սակայն խիստ օրենսդրական ակտ գոյություն չունի, 400 մարդու տանը չենք գտել։ Այնպես խստացնենք, որ աչքների առաջ սևանա»,- զգուշացրել է նախագահը՝ հավելելով, որ չնայած շատ բելառուսների՝ մեկուսացման ռեժիմի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքին, քաղաքացիների մեծամասնությունն առավելագույն զգուշություն է ցուցաբերում և փորձում է խուսափել ավելորդ շփումներից։

Լուկաշենկոյի կարծիքով՝ այժմ կարանտինային միջոցառումները որևէ օգուտ չեն ունենա, այլ հակառակը՝ միայն վնաս կհասցնեն, քանի որ դրանք կորոնավիրուսի տարածումը չեն կանխարգելում, ինչի մասին վկայում են այլ երկրների փորձերը։ Նրա խոսքով՝ հանրապետությունում այդ նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված «պայքարի օջախային  մարտավարություն» են ընտրել։

«Մարդկանց բնակարաններում փակելը մի քանի օրվա հարց է․․․կարծում եք, որ դա պայքարի մեթո՞դ է։ Ես կարծում եմ՝ ոչ»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ պետությունը պետք է մարդկանց օգնի համավարակից պաշտպանվելու հարցում, սակայն քաղաքացին ինքը պետք է որոշի՝ ինչպես ապրել։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Լուկաշենկոն խոստովանել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել, սակայն հրաժարվել էր կարանտինային ռեժիմ սահմանել։ Տեղի բժիշկները, սակայն, պնդում են, որ երկրի իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսի տարածման մասին իրական տվյալները։

Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 861 մարդ, որից 13-ը՝ մահվան ելքով։