Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխա կորոնավիրուսով է վարակվել․ Gulf News

10:07 • 08.04.20

Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է Gulf News-ը։

Ենթադրվում է, որ երեխաները վարակվել են բժշկական անձնակազմից։

«Մայրերի թեստը բացասական պատասխան է ցույց տվել, բայց նորածինների մոտ դրական է, ուստի մենք պետք է հասկանանք նրանց շփումների շրջանակը բժշկական անձնակազմի հետ»,-Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Նելու Թաթարուն:

Երեխաները ոչ մի ախտանիշ չունեն, նրանք բոլորը, բացի մեկից, իրենց մայրերի հետ ինքնամեկուսացել են տներում, հայտնել է երկրի առողջապահության նախարարը։

Թաթարուն մատնանշել է կատարվածում «ինչպես ծննդատան, այնպես էլ հանրային առողջապահության տեղական վարչության մեղավորությունը» և խոստացել անհրաժեշտության դեպքում խիստ միջոցներ ձեռնարկել:

«Վերջին երկու օրերի ընթացքում ես այնպիսի զգացողություն ունեմ, կարծես ապրում եմ սարսափ ֆիլմում», - ասել է վարակված երեխաների մայրերից մեկը՝ հավելելով, որ բժշկական անձնակազմը դիմակ չի կրել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: