«Աֆրիկացիները լաբորատոր առնետներ չեն»․ ԱՀԿ-ի ղեկավարը դատապարտել է Աֆրիկայում Covid-19-ի բուժման փորձարկումներ անցկացնելու մասին ֆրանսիացի բժիշկների խոսքերը․ CNN
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը դատապարտել է Աֆրիկայում Covid-19-ի բուժման փորձարկումներ անցկացնելու մասին ֆրանսիացի բժիշկների մեկնաբանությունները՝ այդ դիտողություններն անվանելով «գաղութային մտածելակերպի արգասիք», գրում է CNN-ը:
«Ճիշտն ասած, ես այնքան ցնցված էի։ Եվ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ բոլորիս համերաշխության կոչ էի արել։ Նման ռասիստական արտահայտությունները ոչ մի օգուտ չեն բերի, դրանք հակասում են համերաշխությանը»,- ասել է Գեբրեյեսուսը Ժնևում ԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների համար ճեպազրույցի ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գեբրեյեսուսը մեկնաբանել է Փարիզի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար ֆրանսիացի բժիշկ Ժան Պոլ Միրայի և Ֆրանսիայի առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Կամիլ Լոխի՝ անցյալ շաբաթ հեռուստատեսությամբ արված դիտարկումները:
Երկու բժիշկները ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում քննարկել են, թե արդյոք տուբերկուլյոզի դեմ Կալմետ-Գերինի բացիլ (ԲՑԺ) պատվաստանյութը կարող է լինել Covid-19-ի բուժման հնարավոր միջոց:
Նրանք հայտարարել են, որ Աֆրիկան կարող է իդեալական վայր լինել կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար։
«Գուցե որպես սադրանք ընդունվեն խոսքերս, բայց չե՞ք կարծում, որ այս հետազոտությունը պետք է անցկացնել Աֆրիկայում, որտեղ դեմքի դիմակներ չկան, բուժում չկա և վերակենդանացման կարիք չկա»,- ասել է Միրան, որի առաջարկին հավանություն է տվել նրա զրուցակիցը։
Հաղորդումն առաջացրել է հազարավոր հեռուստադիտողների վրդովմունքը։
Esprit D'Ebene խումբը, որն աշխատում է Ֆրանսիայում աֆրիկյան ծագում ունեցող երիտասարդների հետ, Facebook-ում հայտարարել է, որ աֆրիկացիները լաբորատոր առնետներ չեն։
«Աֆրիկացիները լաբորատոր առնետներ չեն, որոնց վրա կարելի է փորձարկումներ անել՝ առանց անվտանգության որևէ երաշխիքի»,- ասված է խմբի հայտարարության մեջ։










