«Ջոնսոնը վայելում է 93-ամյա միապետի աջակցությունն ու հարգանքը»․ Էլիզաբեթ 2-րդը «ժամը մեկ» տեղեկացվում է վարչապետի առողջական վիճակի մասին․ Fox News
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և արքայազն Ուիլյամը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելուց հետո շուտափույթ ապաքինում են մաղթել, գրում է Fox News-ը։
«Մեր մտքերը վարչապետի և նրա ընտանիքի հետ են, որոնք Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում շատերի նման տառապում են կորոնավիրուսի հետևանքվ։ Մենք նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում այս դժվարին պահին», - գրել է արքայազն Ուիլյամը Twitter-ի էջում։
«Այսօր թագուհին ուղերձ է հղել Ջոնսոնների ընտանիքին։ Նորին Մեծությունը վարչապետին լիարժեք և շուտափույթ ապաքինում է մաղթել»,- ասված է Բուկինգհեմյան պալատի հայտարարությունում:
Fox news-ի հաղորդմամբ՝ Էլիզաբեթ 2-րդին «ժամը մեկ» տեղեկացնում են Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի մասին։
Բրիտանական ԶԼՄ-ների թղթակից Նիլ Շոնը Fox News-ին հայտնել է, որ Ջոնսոնը վայելում է 93-ամյա միապետի աջակցությունն ու հարգանքը։
«Նա խնդրել է յուրաքանչյուր ժամը մեկ հայտնել վարչապետի առողջական վիճակի մանրամասները»,-ասել է Շոնը՝ հավելելով, որ թագուհին առաջարկել է անհրաժեշտության դեպքում օգտվել իր անձնական բժշկական խմբի ծառայություներից։
«Նա շատ է հարգում Բորիսին և յուրահատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ՝ վերջինիս հետ մի քանի զվարճալի և ոչ պաշտոնական հանդիպումներից հետո։ Թագուհին աշխարհի լավագույն բժշկական թիմն ունի, և այս առաջարկը ցույց է տալիս, թե նա որքան է սիրում Բորիսին և որքան է անհանգստանում նրա համար»,- հավելել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: 55-ամյա Ջոնսոնին «չնահանջող ախտանշաններով» հիվանդանոց էին տեղափոխել կիրակի: Նրան պատրաստվում էին թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնել: Վարչապետի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։










