«Մենք այս համավարակի դեմ պայքարի վճռական փուլում ենք, ֆինանսավորման կրճատման ժամանակը չէ»․ ԱՀԿ-ում քննադատել են Թրամփի հայտարարությունը․«ՌԻԱ Նովոստի»
Աշխարհը ներկայում գտնվում է COVID-19-ի համավարակի դեմ պայքարի վճռական փուլում, և այս օրերին չի կարելի կրճատել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորումը: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգեն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ բյուջե ուղղվող աջակցության դադարեցման մասին մտադրությունը, գրում է ria.ru-ն։
«Որպես տարածաշրջանային տնօրեն՝ ես պատասխանում եմ ԱՀԿ անդամ 53 երկրների անունից, և կասեմ՝ ոչ։ Մենք դեռ այս համավարակի վճռական փուլում ենք, այնպես որ, հիմա ֆինանսավորման կրճատման ժամանակը չէ»,- ասել է Կլյուգեն։
Թրամփն ավելի վաղ քննադատել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը, նրա խոսքով, ֆինանսավորվում է հիմնականում ԱՄՆ-ի հաշվին, սակայն կենտրոնացած է Չինաստանի վրա: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վաշինգտոնը կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
«Նրանք (Խմբ.՝ կազմակերպության ներկայացուցիչները) քննադատում էին իմ կողմից սահմանած ԱՄՆ (կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած երկրներից քաղաքացիների) մուտքի արգելքը: Նրանք սխալվեցին: Նրանք շատ հարցերում սխալվեցին: Թվում է՝ նրանք շատ են կենտրոնանում Չինաստանի ուղղությամբ»,- հայտնել է Թրամփը:










