Այս օրերին աշխատողների երթևեկության հարցի լուծմանը պետք է աջակցեն նաև գործատուները, մեզ պետք է մի քիչ նեղություն տանք այս խնդիրը հաղթահարելու համար. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

13:44 • 08.04.20

Այս ընթացքում շատ աշխատողներ տաքսիներով են երթևեկում, և մենք խնդրել ենք, որ տնօրինություններն այդ փոխհատուցումներն իրականացնի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով այս շրջանում մարզերից Երևան աշխատանքի եկող քաղաքացիների տեղաշարժի մասին:

«Գիտեք, արտակարգ դրության ժամանակ ընկերությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն իրենց աշխատակիցների աշխատանքն ապահովելու համար, և ինչպես ցույց են տալիս տենդենցները, պարետատան որոշումները արդյունավետ են: Ըստ էության, մենք պետք է մեզ մի փոքր նեղություն տանք այս իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց նա:

Ըստ նրա՝ վարչապետի հրապարակած թվերից էլ արդեն երևում է, որ ձեռնարկված քայլերն արդյունավետ են: «Բոլորիս նպատակը նույնն է, որ պետք է ժամ առաջ կանխարգելել վիրուսի տարածումը, որպեսզի առողջապահական համակարգը հնարավորություն ունենա բուժվողներին ճիշտ օգնություն տրամադրել: Ամեն մեկն իր մասով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի»,-եզրափակեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։