Ինչպես են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներն աշխատում վերակենդանացման բաժանմունքում. BBC-ն բացառիկ տեսանյութ է հրապարակել

13:59 • 08.04.20

BBC News-ը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին հրապարակել է բացառիկ տեսանյութ, որն արվել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում և ցույց է տալիս՝ ինչպես են բժիշկներն աշխատում վերակենդանացման բաժանմունքում:

Ֆոտոռեպորտաժի հեղինակը վարակի դեմ պայքարող բժիշկներին համեմատում է ռազմաճակատի առաջին գծում գտնվող զինվորների հետ:

Իրենք՝ բժիշկները պատմել են աննախադեպ ծանրաբեռնվածության մասին: Մասնագետները քաղաքացիներին կոչ են արել հետևել բոլոր այն խորհուրդներին, որոնց նպատակը վարակի տարածումը զսպելն է:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցվել է ախտահարման 55 242 դեպք, որից 6159-ը՝ մահվան ելքով: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը ևս վարակված է և այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 912 դեպք, 82 083-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: