Հանրային խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություն կարվի. նախագիծ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, համաձայն որի՝ «Հանրային խորհուրդը» կդառնա վարչապետին առընթեր մարմին:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում, մասնավորապես սահմանել, որ քարտուղարությունը այսուհետ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:
Միաժամանակ «Հանրային խորհրդի մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած են ճանաչվելու այնպիսի դրույթները, որոնք առնչվում են խորհրդի կանոնադրության հաստատմանը և ֆինանսավորման տրամադրմանը՝ հաշվի առնելով առաջարվող նոր կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները։
Օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնված նաև խորհրդի կանոնադրության մեջ: Ըստ հեղինակների՝ փոփոխություններով ակնկալվում է հետևյալ արդյունքը. քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաև կհամապատասխանեցվեն իրականացվելիք գործառույթները Սահմանադրությամբ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին:










